14 08 2024

Շուրջ 70 մլն դրամ՝ 15  երգի ձայնագրության նորացման համար․ «Հրապարակ»

Շուրջ 70 մլն դրամ՝ 15  երգի ձայնագրության նորացման համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Արձակուրդի մեջ գտնվող քաղաքապետ Տիգրան Ավինյանին փոխարեն քաղաքապետի պարտականությունները կատարող, քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի կարգադրությամբ օրերս քաղաքապետարանի բյուջեից 69 մլն․ 989 հազար 474 դրամ է հատկացվել 15 երգերի նորացված ձայնագրությունների, ինչպես նաև մեկ նոր երգի ստեղծման համար։

Որոշման մեջ մասնավորապես նշված է․ «Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեով, Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 08 բաժնի, 02 խմբի, 04 դասի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման 4639 «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված գումարներից «Կոմբինատ Փրոդաքշն» ՍՊԸ-ին հատկացնել 69 989.474 (վաթսունինը միլիոն ինը հարյուր ութսունինը հազար չորս հարյուր յոթանասունչորս հազար) հազ. դրամ՝ Երևան քաղաքի 2024 թ. տոնակատարություններին նվիրված 15 սիրված երգերի նորացված կատարումների ձայնագրությունների, ինչպես նաև մեկ նոր երգի իր տեսահոլովակով ստեղծման ծրագրի համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով»:  

Տպավորություն է, թե Երևանի քաղաքապետարանը հորով- մորով է արել Երևանի աղբահանության և մնացած խնդիրները, մնացել է «սարի սմբուլը»՝ Երևանի ծննդյան տոնական երգերի թարմացումը, որոնց համար քաղաքային բյուջեից շուրջ 70 մլն․ է հատկացվելու։

Սրան ոմանք այլ որակում են տալիս` անվանելով պետական միջոցների «լվացք»:   

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ